Մակրոնը մտադիր է Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը

04.05.2026, 12:46
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Մակրոնը մտադիր է Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Նախօրեին Երևանի փողոցներով զբոսանքի ժամանակ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հարց են ուղղել այն մասին, թե որն է իր պատասխանը հայ համայնքին, որն իրենից և միջազգային հանրությունից պահանջում է քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։

«Կարծում եմ՝ վաղը ես լիարժեք հանդիպումներ կունենամ վարչապետի հետ և կքննարկեմ դա նրա հետ։ Եվ այս ուղևորությունից անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նաև նախագահ Ալիևի հետ։

Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք խաղալ մեր դերը, հանդես գալ որպես միջնորդ և օգնել։ Ես իսկապես հավատում եմ միջազգային իրավունքի հարգմանը և շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի է ունեցել լարվածության նվազում և սկսվել է նոր փուլ։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Հետևաբար մեր դերն է՝ անել ամեն ինչ, ինչ կարող ենք՝ իրավիճակը բարելավելու համար», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը Երևանում կգտնվի մայիսի 3-5-ը պետական այցով։ Նա նաև կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։