Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում, հայտնում է Anadolu-ն:
Գործակալության տվյալներով՝ սա թուրք պաշտոնյայի առաջին նման մակարդակի այցն է Հայաստան։
Գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, նախատեսվում է քննարկել ժողովրդավարական կայունության ամրապնդման, փոխկապակցվածության զարգացման, ինչպես նաև սերտ համագործակցության և համակարգման միջոցով տնտեսական ու էներգետիկ անվտանգության ուժեղացման հարցերը:
Օրակարգում ներառված են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և գլոբալ մարտահրավերները:
Ինչպես հայտնել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կմասնակցեն Եվրամիության անդամ երկրների, մի շարք այլ եվրոպական պետությունների և Կանադայի շուրջ 50 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

