ՀՀ–ի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար․ Ալեն Սիմոնյան

02.05.2026, 14:57
«Չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել «գուբերնիա», մենք չենք ղեկավարվելու Բելառուսիայի պես», – հայտարարել է Սիմոնյանը
ՀՀ–ի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար։

Այս մասին Սիմոնյանը հայտարարել էլ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի հայտարարությանն այն մասին, որ «Ջերմուկի» հերթական խմբաքանակը Ռուսաստանում արգելեցին և որոշ վերլուծաբաններ արձագանքեցին, որ սա իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է։

«Եթե Ուկրաինայում փորձում են զինվորական ձևով իրենց շահերն առաջ տանել, ՀՀ-ում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ, ասում են՝ ձեր մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովազդ կառնենք, որ սաղ մերը կլինի։ Հա՞, ձեր լրատվականների 90–95%–ը ընդդիմադիր են, մենք այդ լրատվականներին մի մասին կառնենք […], և դա կօգտագործենք ձեզ դեմ […]։ Գիտեմ, որ էս ամեն ինչը մեր ժողովուրդը գիտի։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել «գուբերնիա», մենք չենք ղեկավարվելու Բելառուսիայի պես», – հայտարարել է Սիմոնյանը։

Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մասին

Հաղորդավարը հայտարարել է, որ նույնիսկ ամենամոլի ռուսամետները ասում են, որ չնայած, որ Ռուսաստանը ամենալավ գործընկերը չի, սակայն նրա հետ չի կարելի լինել վատ հարաբերությունների մեջ, հակառակ դեպքում կբարձրացվի գազի, ԱԷԿ–ի, թափոնների հարցերը և այլն։

«Իրենք չեն կարող Ռուսաստանի մասին նման բան ասել, իրենք կարող են եզրագծով, թեթև ակնարկել, որովհետև գիտակցում են, որ Հայաստանի քաղաքացիները լավ տեղեկացված են և տեսան 44–օրյա պատերազմի ժամանակ ինչ եղավ, հետո ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում, ինչ եղավ, ոնց պահեցին, դրանից հետո ինչ եղավ, դրանից առաջ ինչ եղավ, ընթացքում ի՞նչ եղավ», – ասել է Սիմոնյանը։

Այս համատեքստում ԱԺ խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, գործողություններ և քաղաքական որոշումներ, որոնք բալանսավորում են այդ հարաբերությունները։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են խոսակցության մակարդակում։ Այո, մենք իրենց հետ խոսում ենք, մենք բարձրաձայնում ենք խնդիրների մասին, իրենք նույնն են անում, բայց մենք կարողանում ենք աշխատել և գիտակցում ենք` այո, չի կարելի Ռուսաստանին պատերազմ հայտարարել, մենք դրա նպատակն էլ չունենք, կամ Ռուսաստանի դեմ որևիցե բան անելու», – ընդգծել է Սիմոնյանը։

Նա կարծում է, որ ռուսական կողմը ինչ–որ մեխանիզմ է գտել և ճնշում է Հայաստանին ընտրություններից առաջ։

«Բայց մենք չենք ծախելու մեր անկախությունը, մենք չենք դառնալու «գուբեռնիա», չի կարա տենց բան լինի, դրա գինը չկա», – ընդգծել է նա։

Միաժամանակ Սիմոնյանը չի ցանկանում, որ Ռուսաստանի հետ կապված իր խոսքերն ընկալվեն «որպես ատելություն, պատերազմ կամ որևիցե նման վերաբերմունք»։

«Ես հասկանում եմ` դա մեծ պետության շահեր է, որն ինքը առաջ է բրդել և պետք է առաջ բրդի։ Բայց ես իմ փոքր, սիրելի պետության շահերն էլ պետք է իմ հնարավորությունների չափով պաշտպանեմ մինչև վերջին բառը, մինչև վերջին խոսակցությունը, և պետք չի ստեղ հակամարտություն գտնել և լարել», – հայտարարել է նա։

Արտաքին քաղաքականության հավասարակշռության մասին

Հաղորդավարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը և Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է Մակրոնի և Զելենսկու այցը։ Նա նշել է, որ ընդդիմախոսները հայտարարում են, որ այդ գործընթացները Ռուսաստանում ընկալվում են որպես հակառուսական։

Դրան ի պատասխան՝ Սիմոնյանը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետը նախորդ տարի մասնակցել է մայիսի 9–ի շքերթին Մոսկվայում, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են տնտեսական կապեր, խորանում են կապերը և ապրանքաշրջանառությունը, կա համագործակցություն ռազմական առումով, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա։

«Բայց մենք չենք պատրաստվում մեր ունեցած ամեն ինչը դնել մի զամբյուղի մեջ, որովհետև նման պարագայում դու բալանսի կորուստ ես ունենում, նման պարագայում դու դառնում ես ճորտ, որովհետև հակառակ կողմը աշխարհի 1/6–ը ներկայացնող երկիրն է, և այո, մենք նաև լավ հարաբերություններ պետք է ունենանք Ռուսաստանի հետ, նաև լավ հարաբերություններ Եվրոպայի, ԱՄՆ–ի հետ, որքանով դա հնարավոր  է», – ընդգծել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ ընդդիմությունը զգուշացնում էր, որ Իրանի հետ կարող են խնդիրներ լինել, TRIPP–ի մասով էին ասում։

«Բայց մենք հենց այդ բալանսավորման և ազնիվ քաղաքականության շնորհիվ կարողացանք այդ ամենածանր իրավիճակում խուսափել այդ հարվածներից»,– նշել է Սիմոնյանը։

Բալանսավորված հարաբերությունների մասին

Սիմոնյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ հաղորդավարը նշել է, որ ընդդիմությունը հենց իշխանությունների նման մոտեցումն է համարում անազնվություն, քանի որ Հայաստանը քաղաքական առումով, անվտանգային առումով Արևմուտքի հետ է մոտենում, և նրանք կենացմահու կռվի մեջ են Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը տնտեսությունը առաջ է տանում Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանը չի ուզում մեր հետ առևտուր անի, հա՞, տենց շատ բաց սահմաններ ունի, և Ռուսաստանին Հայաստանը որպես երկիր, որտեղ իր քաղաքացիներից բռնած առանց վիզա գալիս են, ձեռք չի տալի՞ս, քաղաքական առումով ձեռք չի տալի՞ս, ստիպված բռակ է դա․․․», – ասել է Սիմոնյանը։

ԱԺ խոսնակն ասել է, որ զուր չէ Բելառուսի օրինակը բերում։

«Կամ պետք է լինես Հայաստան, որ ունենաս բալանսավորված հարաբերություններ համ Ռուսաստանի, համ մյուսի, համ մյուսի հետ, կամ պետք է լինես ծայրագավառ, կամ Բելառուս», – ասել է նա։

Որ ուղղությամբ է ուզում շարժվել հայ ժողովուրդը

Սիմոնյանը նաև հայտարարել է, որ այսօր Հայաստանի ընդիդմությունը ռուսամետ է, ինչի մասին իրենք հայտարարում են։

«Իսկ արժեքային առումով ես ինձ եվրոպացի եմ համարում, ես համարում եմ, որ հայ ժողովուրդը եվրոպական ժողովուրդ է, եվրոպական արժեքներ կիսող ժողովուրդ է։ Եվրոպական արժեքը խոսքի ազատությունն է, մարդու իրավունքներն են, մարդու ազատություններն են, մարդու կյանքի իրավունքն է, որոնք ինձ համար սկզբունքային ճշմարտություններ են», – ընդգծել է նա։