Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19։40-ի սահմաններում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը։ Վթարի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, հինգը՝ վիրավորվել, որոնցից չորսը երեխաներ են։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ զոհվածներն ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը՝ նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաները։ Վերջիններս «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի ԲԿ–ներ։

