Սահմանվել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը

04.05.2026, 13:59
ԿԸՀ–ն սահմանել է 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին եթերաժամանակի տրամադրման կարգը:
Սահմանվել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը կայացած արտահերթ նիստում սահմանել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին եթերաժամանակի տրամադրման կարգը:

Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին եթերաժամանակ է տրամադրվելու հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝ 

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե, 

բ) 2026թ. հունիսի 3-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե, 

2) վճարովի հիմունքներով՝ 

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե, 

բ) 2026թ. հունիսի 2-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե: 

Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։ 

Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։ 

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրակա­նացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ 

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե, 

բ) 2026թ. հունիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե, 

2) վճարովի հիմունքներով՝ 

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,

բ) 2026թ. մայիսի 31-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:

Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։ 

Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան: 

ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ: 

Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ: