Բողոքի ակցիա և երթ Երևանում՝ եվրոպական գագաթնաժողովի ֆոնին. մասնակիցները պահանջում են ազատ արձակել հայ գերիներին և պահպանել արցախցիների իրավունքները
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/ ․ Երևանում կազմակերպվել է բողոքի ակցիա և երթ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։
Ակցիայի մասնակիցները նաև բողոքում են, որ Եվրոպան աչք է փակում Հայաստանում ժողովրդավարության նահանջի նկատմամբ։
Ինչպես նշել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իրենք ունեն երկու հիմնական ուղերձ։
«Մենք կոչ ենք անում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին աչք չփակել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վրա։ Հայաստանում մենք այժմ ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց դատում են շինծու գործերով», - հայտարարել է նա՝ նշելով, որ ակցիան ուղղված է նաև նրան, որ Եվրոպան ուշադրություն դարձնի Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
«Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման ,և քաղաքակիրթ աշխարհի պարտավորությունն է ապահովել արցախցիների անխոչընդոտ, հավաքական և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք», - նշել է նա։
Ցուցարարները երթով շարժվում են դեպի Մարզահամերգային համալիր, որտեղ այս պահին ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

