Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ. Թաթոյանը՝ Ռուսաստանի հասցեին Զելենսկու հնչեցրած խոսքերի մասին

04.05.2026, 15:16
Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ Հայաստանը չպետք է դառնա «ուրիշների պատերազմների հարթակ և խաղի գործիք»
Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ. Թաթոյանը՝ Ռուսաստանի հասցեին  Զելենսկու հնչեցրած  խոսքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․    «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին օմբուդսման Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ Հայաստանը չպետք է դառնա «ուրիշների պատերազմների հարթակ և խաղի գործիք»։

Մեկնաբանելով Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահի ելույթը՝ Թաթոյանը նշել է, որ Զելենսկին Հայաստան է ժամանել Ադրբեջան կատարած այցից հետո և ավելի վաղ Գաբալայում Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել է վեց երկկողմ համաձայնագիր՝ ռազմաարդյունաբերական համագործակցության, դրոնների համատեղ արտադրության, ռազմական փորձի փոխանցման վերաբերյալ։

Ըստ Թաթոյանի՝ Երևանում ուկրաինացի առաջնորդը հայտարարել է, թե «Ռուսաստանը չի կարող հույս դնել մայիսի 9-ի անվտանգության վրա, քանի որ ուկրաինական դրոնները կարող են հասնել Մոսկվա» (մեջբերում Զելենսկու ելույթից)։

Միաժամանակ, Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերի նշանակությունը՝ մատնանշելով դրամական փոխանցումների, ներդրումների ու առևտրի դերը, ինչպես նաև այդ գործոնների ազդեցությունը հայ ընտանիքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Երբ մի պետության ղեկավար, որը հենց նոր ռազմաարդյունաբերական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ, Երևանը օգտագործում է որպես հարթակ՝ սպառնալիքներ հնչեցնելու մի քաղաքի հասցեին, որտեղ ապրում և աշխատում են հայ վարորդը, հայ շինարարը, հայ ծրագրավորողը, սա դիվանագիտություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որի գինը վճարվելու է ոչ թե իշխանական կաբինետներում, այլ հայկական ընտանիքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Ընդունող կողմը դրա համար կրում է ամբողջական պատասխանատվություն»,-գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն և կողմ է արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը՝ հավելելով, որ Մոսկվայի հետ հարաբերությունները չեն կարող պարզ լինել, և շատ հարցեր վերանայման կարիք ունեն։

«Ինքնիշխան քաղաքականությունը սեփական շահերը հաշվարկելու և ոչ թե ուրիշների սպասումների մասին է»,-հավելել է նա։

Նա շեշտել է, որ Հայաստանն առաջին հերթին պարտավոր է մտածել իր քաղաքացիների մասին՝ և՛ այստեղ, և՛ երկրի սահմաններից դուրս։