Այսօր ԵՔՀ գագաթնաժողովը պատմական է, որովհետև առաջին անգամ անցկացվում է Հարավային Կովկասում՝ ՀՀ–ին դնելով Եվրոպայի սրտում․ Եվրոպական խորհրդի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը իսկապես պատմական է:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում։
«Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը։ Սա պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ», - ասաց Կոշտան։
Նրա խոսքով՝ այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, և տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհ։
Գագաթնաժողովի մասին
Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։
Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։
Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։

