Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով․ Փաշինյան

04.05.2026, 12:23
Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, ասել է Փաշինյանը
Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։

Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի մասին 

Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։ 

Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։ 

Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։