Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ, ընթանում է բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանում բողոքի ակցիա է անցկացվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի մեկնարկած գագաթնաժողովին զուգահեռ։
Դիմելով գագաթնաժողովին հավաքված եվրոպական հանրության ներկայացուցիչներին՝ «Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը ձգտում է վերադառնալ իր Հայրենիք։
«Պահանջները լինելու են պատշաճ ուշադրության տակ պահել խնդիրները, առնվազն տեղյակ լինել, թե ինչ է կատարվում, արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն։ Գերիների վերադարձ, մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանություն, վերջին հաշվով՝ Ացախի ժողովրդի վերադարձ»,- ասաց Բեգլարյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ եթե Հայաստանը կոնկրետ արդյունքներ չունենա այդ գագաթնաժողովից, ապա դա կլինի գեղեցիկ, թանկ, սակայն մեզ համար «անիմաստ» անցկացված միջոցառում։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն իր հերթին հայտարարեց, որ արդեն ավելի քան 30 տարի պայքար է մղվում հանուն արդարության և որպեսզի Եվրոպական միությունը չմոռանա իր առաքելության մասին։
«Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք ձեր բոլոր այն արժեքները, որոնց մենք հավատացել ենք․․․ Մենք այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ, լինի դա խաղաղության, իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը»,- նշեց Ալավերդյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց ձեռքին պահում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ։
Ցուցարարները նաև հայտարարեցին, որ պատրաստել են հայտարարության տեքստ, որը փոխանցվել է միջազգային կառույցներին։

