Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։
Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով տեսակապի միջոցով։
«Մենք ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում ենք և սովորում են ապրել խաղաղության մեջ։ Նախորդ տարվա օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանն ուԱդրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, որի տակ որպես վկա իր ստորագրություն դրեց նաև Թրամփը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են այդ հռչակագրի տեքստը։ Մեզ համար և, վստահ եմ, մեր հայ գործընկերների հետ խաղաղությունն արդեն դարձել է իրականություն», – ասել է նա։
Ալիևի խոսքով, այդ փաստից հետո Ադրբեջանը «միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90–ականների սկզբին»։
«Այդ պահից ի վեր՝ մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը, էլ ավելի առաջ գնալով, սկսել է մատակարարել մեր նավթամթերքը, մասնավորապես՝ բենզինը և դիզելը, առաջին անգամ դեպի Հայաստան՝ համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առևտրային հարաբերությունների համար։ Մի քանի հազար տոննա նավթամթերք արդեն արտահանվել է դեպի Հայաստան», – ասել է նա։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ խաղաղության օրակարգի ներքո ևս մեկ ձեռքբերում է փոխկապակցվածությունը։
«Թրամփի ճանապարհն անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մաս», – ասել է նա։

