Պատմական այց. Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով:
Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ շեշտելով Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

