Հայաստանն ու Թուրքիան Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04.05.2026, 18:09
Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ հայ-թուրքական փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին՝ ողջունելով այդ փաստը
Հայաստանն ու Թուրքիան Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրության ստորագրման մասին՝ ողջունելով այդ փաստը:

Փաշինյանը նաև հայտնել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի փոխնախագահի հետ հանդիպման մասին:

«Մտքերի արդյունավետ փոխանակում տեղի ունեցավ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ EPC Armenia-ի շրջանակում: Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին»,- գրել է ՀՀ վարչապետը:

Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։