Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Միջոցառումը կանցկացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԵՄ անդամ երկրների, Եվրոպայի այլ պետությունների շուրջ 50 առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։
Նրանք արդեն ժամանում են ՄՀՀ, որտեղ նրանց դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գագաթնաժողովի մասին
Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։
Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։
Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։

