Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին

03.05.2026, 18:31
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին
Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։ 

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։ 

Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև վարչապետ Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։