Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

03.05.2026, 18:18
Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիր
Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։ 

Վարչապետը ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։ 

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլիանա Յոտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։ 

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։