Հայաստանում քաղաքացիների մուտքն օնլայն խաղատներ կարող է խիստ սահմանափակվել
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի խոսքով՝ օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելի քան 35 անգամ:
«Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին, աճելով ավելի քան 35 անգամ, խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի»,- նշել է հեղինակը:
Նրա խոսքով՝ ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ ժողովրդի համար:
Ըստ Սարգսյանի՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց ֆինանսական միջոցները վատնում են՝ վարակված լինելով այս կախվածությամբ, բազմաթիվ ընտանիքներ քանդվում են, հարյուր-հազարավոր մարդիկ՝ դժբախտանում, շատերը դիմում են ինքնասպանության:
Առաջարկվում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որպեսզի բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության:
Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:
Նա նաև նշեց սոցիալական նպաստ ստացողների, կենսաթոշակը որպես եկամտի միակ աղբյուր ունեցողների, սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից օգտվող անձանց համար առցանց խաղերին մասնակցությունն արգելելու անհրաժեշտության մասին: Ավելին, առաջարկվում է առցանց խաղերին մասնակցության սահմանափակում սահմանել տարեկան հայտարարագրված եկամտի 20%-ի չափով:

