Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

06.05.2026, 11:59
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ․ ՖՈՏՈ
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Ոսկե Սեր» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Արդենիս գյուղ) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմաինը։

Այսպես՝ 

- արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ և ախտահանել, 

- շինության ու սառնարանային պահասենյակի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաթնամթերքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: 

«Ոսկե Սեր» ՍՊ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: