Ֆրանսիան լինելու է ձեր կողքին. տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում

05.05.2026, 20:23
Մենք ուղեկցում և աջակցում ենք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի անցկացման գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին, նշել է Մակրոնը
Ֆրանսիան լինելու է ձեր կողքին. տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, քանի որ վերջին երկու օրերին Մակրոնը մեծ ուրախություն է պատճառել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ու Հայաստանում գտնվող օտարերկրյա հյուրերի։

«Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ»,- հայտարարել է վարչապետը։

 Վարչապետը հավելել է, որ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցածը երկար կմնա ՀՀ քաղաքացիների հիշողության մեջ։

Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով ներկայիս այցի առանձնահատուկ նշանակությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։

«Մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին»,- նշել է Մակրոնը։

Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը, ինչպես նաև միավորող բարեկամությունը: