Ջերմուկում արջի մեկ ամսական քոթոթներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

05.05.2026, 12:35
Ջերմուկում փրկել են ճանապարհին հայտնված արջի քոթոթներին, նրանց տեղափոխել են Վայր բնության հիմնադրամի ապաստարան․ ՖՈՏՈ
Ջերմուկում արջի մեկ ամսական քոթոթներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Ջերմուկում գորշ արջի քոթոթներ են հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, մայիսի 4–ին ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ: 

медвежонок

Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են: 

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել: 

Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։