45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են, մնացածը շուտով կլինեն. Ավինյան

05.05.2026, 12:09
Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտն ամենածախսատար ոլորտն է քաղաքի համար, և ամենամեծ ներդրումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է հենց այդ ոլորտում
45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են, մնացածը շուտով կլինեն. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության աջակցությամբ գնված 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են՝ տրոլեյբուսային պարկում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնել է, որ մնացածը շուտով նույնպես կլինեն Երևանում։ 

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների՝ գծեր մուտք գործելու ժամանակ այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է ունենանք», - ասել է Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետը նաև հայտնել է, որ վերջին շրջանում հավելյալ հավաքագրման արդյունքում մոտավորապես 13-14 նոր ավտոբուսի գումար է հավաքվել։ 

«Իրականում այս գործընթացը, որքան էլ որ խնդիրներ էր առաջացնում, նկատի ունեմ խստացումները հավաքագրման հետ կապված, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից», - ասել է Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտն ամենածախսատար ոլորտն է քաղաքի համար, և ամենամեծ ներդրումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է հենց այդ ոլորտում։