Նախագահականի մոտ ընթանում է ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների և Երևանում գտնվող քաղբանտարկյալների
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախագահականի մոտ ընթանում է ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների և Երևանում գտնվող քաղբանտարկյալների։
Նախագահականում այժմ անցկացվում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
«Արդեն երկու օր է՝ մենք լսում ենք եվրոպական արժեքների մասին։ Սակայն իշխանությունների գործողությունները տարբերվում են դրանցից։ Մենք ունենք քաղբանտարկյալներ, կալանավորված քահանաներ, գերիներ Ադրբեջանում։ Այս ակցիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը», - երեքշաբթի լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաներին հարմար չէ նկատել այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։
Le Figaro-ն օրերս հրապարակել է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կալֆայանի հոդվածը, որում ասվում է, որ եվրոպական կառավարությունները ռիսկի են դիմում զոհաբերել ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում՝ դիտարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին որպես պատնեշ ռուսական ազդեցության դեմ։
Ըստ նրանց՝ ռուսական ազդեցության դեմ պայքարի պատրվակով եվրոպական մայրաքաղաքները փաստացի անտեսում են Հայաստանի ներսում առկա տագնապալի ազդակները՝ ճնշումներն ընդդիմության նկատմամբ, կոնֆլիկտը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, պետական ռեսուրսների օգտագործումը և դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները։

