«Գուսանների տարիների աշխատանքը պետք էր «ձեռք առնել»»․ Խորեն Լևոնյանը պատմել է Հանրայինից իրեն հեռացնելու պատճառի մասին

05.05.2026, 11:54
Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը մանրամասներ է ներկայացրել Հանրային հեռուստաընկերությունից իրեն հեռացնելու որոշման մասին
«Գուսանների տարիների աշխատանքը պետք էր «ձեռք առնել»»․ Խորեն Լևոնյանը պատմել է Հանրայինից իրեն հեռացնելու պատճառի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հանրային հեռուստաընկերությունից իրեն հեռացնելու որոշման մասին։

Նա հայտնել է, որ խնդիրն առաջացել է Ամանորյա ֆիլմի նկարահանման ընթացքում, երբ իրեն առաջարկել են կարդալ մի տեքստ, որն ինքը համարել է անընդունելի և վիրավորական։ 

«Տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետև ոնց որ «ձեռք առնես» այն ամենն, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։ Իմ պայմանագրի մեջ կետ չկա, որ ես ինչ-որ բան պետք է անեմ կամ՝ չէ։ Ես ծառայություններ մատուցող եմ, այսինքն՝ գնում եմ նկարահանման, գնում եմ տուն։ Իմ հաղորդումն էլ գնում է եթեր, չի գնում եթեր։ Ընդամենը», - ասել է դերասանը։ 

Նա նշել է, որ պատրաստ է եղել կարդալ այդ տեքստը, եթե այն մի փոքր խմբագրվեր։ 

«Ասացի՝ խնդիր չկա, պարզապես մի քանի բան խմբագրեք, որովհետև տեքստում նկատեցի միտում, որ կարծես՝ «ձեռք առնեին» իմ հայերեն գրական խոսելուն։ Նաև գուսանների, աշուղների տարիների աշխատանքը ոնց որ պետք էր «ձեռք առնել»։ Ասացի՝ խնդրում եմ խմբագրեք, ես կկարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, ասացի՝ չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեսակ լինի։ Չեմ ուզում ասել՝ ում անունն էր նշված, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում, ու վիրավորական էր»,- նշեց Լևոնյանը։ 

Նրա խոսքով՝ այս մերժումից որոշ ժամանակ անց էլ որոշում է կայացվել իրեն հեռացնել Հանրայինից։ 

«Ժողով են արել, նստել, քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածությունս դրել են հեռացման։ «Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց։ «Երգ երգոցից» էլ հիմա կրկնություններն են ցույց տալիս, որ չգիտեմ՝ ինչ լինի...», - ասել է հաղորդավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային Հեռուստաընկերության հետ։