Վտանգավոր է. բժիշկը պարզաբանել է, թե ինչու չի կարելի թուրինջը համատեղել դեղամիջոցների հետ (ՖՈՏՈ)

27.04.2026, 21:01
Թուրինջը միշտ չէ, որ օգտակար է, որոշ դեպքերում դրա օգտագործումը կարող է վնասել. բժիշկն ասել է, թե որ դեղերի հետ  է անհամատեղելի այս միրգը. ՖՈՏՈ
Վտանգավոր է. բժիշկը պարզաբանել է, թե ինչու չի կարելի թուրինջը  համատեղել դեղամիջոցների հետ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/. Թուրինջը օգտակար և ցածր կալորիականությամբ ցիտրուսային միրգ է, սակայն որոշ դեղամիջոցների հետ միաժամանակ կիրառման  դեպքում այն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին հայտնում է aif.ru-ն՝ հղում անելով   բժիշկ-գաստրոէնտերոլոգ և նեյրոգաստրոէնտերոլոգիայի ոլորտի մասնագետ Անդրեյ Սիմակովին:

Ըստ մասնագետի՝ թուրինջի գլխավոր խնդիրը CYP3A4 ֆերմենտի աշխատանքի ընկճումն է։ Այս սպիտակուցը հիմնականում գտնվում է լյարդում և աղիներում։ Այն մասնակցում է դեղամիջոցների նյութափոխանակությանը: Արդյունքում դեղերը վերամշակվում են ավելի դանդաղ, իսկ դրանց կոնցենտրացիան օրգանիզմում կարող է կտրուկ աճել։ «Խոսքը ոչ այնքան մահացու վտանգի, որքան արտահայտված կողմնակի ազդեցությունների մասին է»,- ասում է Անդրեյ Սիմակովը:

Ովքեր պետք է զգուշություն ցուցաբերեն

Առանձնակի զգուշություն պետք է պահպանել ստատինների՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորող դեղամիջոցների ընդունման ժամանակ: Թուրինջի հետ համատեղման դեպքում դրանց կոնցենտրացիան կարող է աճել, ինչը մեծացնում է կողմնակի ազդեցությունների ռիսկը: Ավելի ժամանակակից դեղամիջոցներն ավելի թույլ են փոխազդում, սակայն ռիսկը լիովին բացառել չի կարելի:

Վտանգ կա նաև հակաառիթմիկ դեղամիջոցներ ընդունող պացիենտների համար: Արյան մեջ դրանց մակարդակի բարձրացումը կարող է սրտի ռիթմի խանգարումներ առաջացնել: Բացի այդ, թուրինջն ընդունակ է սաստկացնել որոշ իմունամոդուլացնող և հակաբորբոքային դեղամիջոցների տոքսիկ վտանգը: Մեծանում է երիկամների և նյարդային համակարգի ախտահարման ռիսկը: Ոչ պակաս կարևոր է հաշվի առնել կիրառումը հոգեմետ միջոցների հետ. կարող է լինել արտահայտված քնկոտություն, խաթարվել կոորդինացիան, ինչպես նաև առաջանալ տագնապայնություն կամ անքնություն:

«Ընդ որում, մի շարք դեպքերում թուրինջը հակառակ ազդեցությունն է ունենում, այն է՝ նվազեցնում է որոշ դեղամիջոցների, օրինակ՝ հակահիստամինայինների արդյունավետությունը», - պարզաբանում է մասնագետը։

грейпфрут

Ո՞ր չափաբաժիններն են համարվում անվտանգ

Գաստրոէնտերոլոգը նաև նշում է, որ մեկ բաժակ թուրինջի հյութը լուրջ հետևանքների չի հանգեցնում։ Սակայն մեծ քանակությամբ (օրական մոտ մեկ լիտր) պարբերաբար օգտագործումը կարող է առաջացնել արտահայտված ազդեցություններ։ Ընդ որում, թուրինջի ազդեցությունը պահպանվում է օգտագործումից հետո մինչև երեք օր։

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել դեղերի օգտագործման վերաբերյալ ներդիր-թերթիկները և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետի հետ՝ նախքան բուժման ընթացքում թուրինջը սննդակարգում ներառելը: