«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը մի քանի ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք (ՎԻԴԵՈ)

27.04.2026, 20:14
Ընտրակաշառքի նոր դեպքեր են բացահայտվել.  4 անձ ձերբակալվել է ՎԻԴԵՈ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը մի քանի ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ում բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր, 4 անձ ձերբակալվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որը, որպես խոստում, ընդունվել է վերջիններիս կողմից», - նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։