Հայաստանը ԵՄ–ից ստացել է վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջին զեկույցը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ առաջին զեկույցը:
Ինչպես հաղորդվում է, Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի առաջընթացը ծրագրով նախատեսված պահանջների կատարման գործում:
Զեկույցում ներառված են նաև առաջարկություններ՝ ուղղված Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացմանը հասնելուն:
Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: 2025 թվականի գարնանը Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական առաքելությունները, իսկ 2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրոհանձնաժողովը Երևանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումները տեղավորվում են Հայաստանում նախանշված բարեփոխումների շրջանակում:
Գործողությունների ծրագիրը ներառում է 74 կետ՝ խմբավորված չորս բլոկներում. կենսաչափական փաստաթղթեր, այդ թվում՝ անձնագրեր և նույնականացման քարտեր, սահմանների կառավարում, միգրացիա և ապաստանի տրամադրում, հասարակական կարգ, այդ թվում՝ պայքարը թմրամիջոցների, մարդկանց առևտրի դեմ, հանցավորության կանխարգելում և հակակոռուպցիոն միջոցառումներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն:

