Այսօր մեր երկրին պետք է ապագայի վարչապետ․ Ծառուկյան
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հայաստանին պետք է ապագայի վարչապետ, որը կկարողանա կազմակերպել և հնարավորություններ ստեղծել, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
«Բոլոր ոլորտների նախարարները փորձառու մարդիկ լինեն, աշխատած մարդիկ լինեն, ոչ թե պատահական։ Մենք իրավունք չունենք փորձադաշտ սարքելու, անփորձ մարդուն դնելու, որ կառավարի», - նշեց Ծառուկյանը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ այսօր գյուղական համայնքները գտնվում են առավել խոցելի վիճակում։
«Որտեղ էլ գնանք խնդիրը նույնն է։ Վարկերը կան, խնդիրներ կան մեխանիզացիայի, ճանապարհի, դպրոցի, սերմի, սառնարանի», - ասաց Ծառուկյանը։
Նա նաև դժգոհություն հայտնեց գործող վարկերի տոկոսներից՝ ընդգծելով, որ գյուղատնտեսության համար տոկոսադրույքների նման շեմ աշխարհում գոյություն չունի։

