Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն․ Միրզոյանը՝ սահմանի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը բավարար չափով հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումում, հայտնում է «Արմենպրես»-ը։
Նա հայտնել է, որ Թուրքիայի հետ առկա է հրաշալի երկխոսություն և արդեն համագործակցության բազմաթիվ առիթներ են եղել, ինչպիսին Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Անիի կամուրջը համատեղ վերականգնելու հուշագիր ստորագրումն է։
Միրզոյանը նաև հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, որը փորձում է վերականգնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը՝ Գյումրի-Կարս ուղով։
«Այսինքն, ունենք համագործակցության բազմաթիվ դեպքեր, բայց սահմանն, ընդհանուր առմամբ, փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ենք արտահայտել սահմանը լիովին բացելու վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ առաջին փուլում կար համաձայնություն սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար, սակայն առ այսօր սահմանները դեռ փակ են։
«Որոշ համաձայնություններ իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա տեղի է ունենալու, քանի որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն», - ասաց Միրզոյանը։

