Ապրիլի 27-ից 29-ը սոցցանցերում հրապարակված տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեք օրում սոցցանցերում հրապարակված տեսանյութերի ուսումնասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից, միայն ապրիլի 27-ից 29-ը սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։
«Խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությանը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում՝ վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
ՆԳՆ–ից հիշեցնում են, որ պարեկային ծառայության համար ուսումնասիրության և քննարկման առարկա են նաև համացանցում հրապարակված տեսանյութերում ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը։

