Հրազդանի կիրճում փրկարարները դուրս են բերել գետի վարարման հետևանքով արգելափակված 17–19 տարեկան 4 աղջկա (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ոստիկանության գվարդիայի և փրկարարների համակարգված գործողությունների շնորհիվ ապրիլի 30-ին հաջողվել է դուրս են բերել Հրազդանի կիրճում գետի մեջ արգելափակված չորս աղջկա, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ինչպես հայտնում են գերատեսչություններից, կիրճում ծառայություն իրականացնող Գվարդիայի ծառայողները քաղաքացիների օգնության կանչեր են լսել և անմիջապես տեղեկատվությունը փոխանցել փրկարարներին։
«Օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ փրկարարները ժամանել են դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ գետի մակարդակի բարձրացման հետևանքով 17–19 տարեկան չորս աղջիկներ արգելափակվել են կղզյակում և չեն կարողանում դուրս գալ։
Վտանգի գնահատումից հետո իրականացվել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ․ հրշեջ-փրկարարները, կիրառելով հատուկ նշանակության պարաններ և ամրակապման միջոցներ, մոտեցել են քաղաքացիներին, ցուցաբերել հոգեբանական աջակցություն և կազմակերպել նրանց անվտանգ տեղափոխումը գետի մյուս ափ», - նշված է հաղորդագրության մեջ։

