Վանաձորում դաժան սպանության փորձի հետքերով․ ոստիկանները հետպանդել են երիտասարդներին, նրանցից մեկի մոտ եղել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը ներկայացրել է ապրիլի 26–ին Վանաձորում սպանության կանխման հանգամանքները։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։
Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։
Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։
Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

