Ողբերգական դեպք՝ Երևանում. Հաղթանակ կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է կայքը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
ժամանած 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը, ինչպես նաև բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ ճոպաններ են անցկացրել և սպասում են, մինչև դեպքի վայր կժամանի ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հերթապահ խումբը, որից հետո դին պետք է դուրս բերվի և մոտեցվի դիատարին։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան տղա է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

