Ռուբինյան. արտերկրում ընտրակաշառք ստացած ՀՀ քաղաքացիները Հայաստան ժամանելիս կձերբակալվեն

28.04.2026, 20:19
Արտերկրում ընտրակաշառք ստացած ՀՀ քաղաքացիները երկիր ժամանելիս կձերբակալվեն, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը
Ռուբինյան. արտերկրում ընտրակաշառք ստացած ՀՀ քաղաքացիները Հայաստան ժամանելիս կձերբակալվեն

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Արտերկրում ընտրակաշառք ստացած Հայաստանի քաղաքացիները երկիր ժամանելիս կձերբակալվեն։

Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Արտերկրում բնակվող և ընտրակաշառք ստացած հայերը պետք է իմանան, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես նրանք անմիջապես կձերբակալվեն։ Ընտրակաշառք ստանալը հանցագործություն է»,- Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան ծառայությունները հետևում են իրավիճակին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ինչպես հայտարարել է Ռուբինյանը, դա վերաբերում է նաև այն անձանց, ովքեր, նրա պնդմամբ, դրամական միջոցներ են ստացել «այսպես կոչված արքեպիսկոպոս Եզրասի» (Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ - խմբ.) կամ «նրա հետ կապված ցանցի» միջոցով։ Ընդ որում, նա Եզրասին անվանել է «КГБ-ի գործակալ»։

Փոխխոսնակը նշել է, որ նման միջոցներ ստացած անձինք կձերբակալվեն սահմանը հատելիս։

Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ընտրակաշառք չեն ստացել և մտադիր են գալ երկիր՝ քվեարկությանը մասնակցելու համար, կարող են դա անել անարգել։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն է խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը «Տաշիր գրուպի» նախագահ, ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանն է։

ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։