Ի՞նչ կտա YouTube-ի մոնետիզացիան Հայաստանին․ որքա՞ն եկամուտ ակնկալել, և որո՞նք են ռիսկերը․ գնահատում են փորձագետները

28.04.2026, 15:24
«Նովոստի–Արմենիա»-ի հետ զրույցում մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյանն անդրադարձել են մոնետիզացիայից բխող հնարավորություններին, նոր մեդիա նախագծերին և դրանց հետ կապված ռիսկերին
Ի՞նչ կտա YouTube-ի մոնետիզացիան Հայաստանին․ որքա՞ն եկամուտ ակնկալել, և որո՞նք են ռիսկերը․ գնահատում են փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում մայիսից YouTube-ի մոնետիզացիայի հնարավոր գործարկումը կարող է էականորեն փոխել մեդիա դաշտը։ Նոր եկամտի աղբյուրներ, նոր դեմքեր, նոր մրցակցություն, բայց նաև բովանդակության որակի հետ կապված լուրջ մարտահրավերներ։

«Նովոստի–Արմենիա»-ի հետ զրույցում մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյանն անդրադարձել են մոնետիզացիայից բխող հնարավորություններին, նոր մեդիա նախագծերին և դրանց հետ կապված ռիսկերին։

Նոր մեդիաների նախագծերն ու լրացուցիչ եկամուտները

Փորձագետների խոսքով՝ մոնետիզացիան հնարավորություն կտա լրատվականներին ստանալ լրացուցիչ եկամուտ իրենց վիդեոկոնտենտից, ինչպես նաև կխթանի նոր մեդիա նախագծերի առաջացումը։

Պապյանի կարծիքով, մոնետիզացիան կարող է մոտիվացնել և առաջ բերել ինֆլյուենսերների նոր խավ, որոնք ուշադրություն ու գովազդային եկամուտներ կխլեն ավանդական մեդիայից։

«Մյուս կողմից, այն կարող է օգնել հաջողակ մեդիաներին՝ եկամտի հավելյալ միջոց ունենալ և գուցե հատուկ YouTube-ի լսարանի համար թիրախավորված կոնտենտ ստեղծել», – ընդգծեց Պապյանը՝ չհստակեցնելով YouTube–ի մոնետիզացիայի արդյունքում մեդիաների կոնկրետ եկամուտների չափը։

Մարտիրոսյանն իր հերթին անդրադարձավ այն հարցին, թե մոնետիզացիայի արդյունքում հայկական ԶԼՄ–ները ամսական որքան եկամուտ կարող են ակնկալել։

«Պատկերացրեք մոտավորապես 1000 դիտումը 1–5 դոլար, բայց շատ կախված է, թե ինչքան գովազդ կտեղադրվի», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, YouTube–ի մոնետիզացիայի ընձեռած հնարավորություններից ճիշտ օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցն ունենա հատուկ մասնագետ։

«Պետք է լինի հատուկ մասնագետ, որպեսզի մոնետիզացիան ճիշտ ակտիվացնի», – ընդգծեց Մարտիրոսյանը։

Ժամանցային բովանդակությունը՝ առավելություն

Մոնետիզացիայի ակտիվացումը, ըստ փորձագետների, առավել շատ օգուտ կտա ժամանցային կոնտենտ ստեղծողներին, որոնք արդեն ունեն մեծ լսարան։

Այս ալիքները մոտիվացված կլինեն ավելի շատ բովանդակություն արտադրելու, ինչն ուժեղացնում է մրցակցությունը ավանդական մեդիայի հետ։

Պապյանի խոսքով, ժամանցային կոնտենտ ստեղծողները հստակ առավելություն ունեն և այդ տրենդը արդեն իսկ տեսանելի է նույն TikTok–ի, Instagram–ի reels–երի փորձով։

«Մոնետիզացաիայի ակտիվացման արդյունքում այդպիսի ալիքներն ավելի մոտիվացված կլինեն ավելացնել իրենց բովանդակությունը՝ մրցակցության մեջ մտնելով առաջին հերթին ավանդական մեդիայի հետ», – նշեց Պապյանը։

Մոնետիզացիա և բիզնես մոդելներ

Փորձագետների կարծիքով, զուտ մոնետիզացիան առանձնապես բիզնես մոդելներ չի ստեղծում։

«Դու անում ես կոնտենտ, վրան ցուցադրվում է գովազդ, այդ գովազդի ստացած եկամուտի կեսը դու ես ստանում։ Ուրիշ հարց, որ հնարավոր է մոնետիզացիայի այլ տարբերակներ ստեղծել», – ընդգծեց Մարտիրոսյանը։

Պապյանի խոսքով, այդ մոդելները հայտնի են, այսօր էլ լավ աշխատում են։

«Կարծում եմ էժան, զվարճալի, ժամանցային, կրթական կոնտենտ ստեղծողները հստակ առավելություն կունենան», – նշեց Պապյանը։

Մեդիագրագիտությունն ու ԶԼՄ–ների մոնետիզացիան

Փորձագետների գնահատմամբ՝ մոնետիզացիայի միացումը կարող է բերել ահռելի քանակի անորակ, բայց ավելի շատ դիտումների վրա հիմնված կոնտենտ։

Այստեղ կարևոր է լսարանի կրթվածությունն ու մեդիագրագիտությունը, որպեսզի մարդիկ ընտրեն ավելի որակյալ բովանդակություն։

Թե որքանով մոնետիզացիան արդյունավետ կլինի ԶԼՄ-ների համար, կախված կլինի լսարանի մեդիագրագիտությունից և ստեղծագործ մարդկանց ինքնադրսևորվելու ունակությունից։