ՍԱՏՄ-ը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ–ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակի վաճառքի կասեցման վերաբերյալ

28.04.2026, 13:40
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ–ում արգելել են Հայաստանից ներկրված 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը
ՍԱՏՄ-ը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ–ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակի վաճառքի կասեցման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՍԱՏՄ-ն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ» ապրանքանիշի խմբաքանակի իրացումը:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել», - նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հայտնել են, որ ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, արդյունքները կհրապարակվեն: 

Ավելի վաղ ռուսական «Честный знак» մակնշման պետական համակարգը կասեցրել էր «Ջերմուկ» (Հայաստան) հանքային ջրի խմբաքանակի իրացումը Ռուսաստանի օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։

Նշվում է, որ շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որտեղ որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։