Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը չի կարող լինել Ադրբեջանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում․ Թորոսյան

28.04.2026, 14:29
Մշակութային և պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել, հայտարարել է Թորոսյանը
Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը չի կարող լինել Ադրբեջանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը չի կարող լինել Ադրբեջանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանը։

«Մշակութային և պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել։ Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ «կնճռոտ» անցյալ, որը 1 օորւմ չի անցնելու», - նշել է Թորոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է ձեռնարկի պատասխան քայլեր, եթե նույնիսկ մյուս կողմը փորձում է նման քայլեր անելով սադրել։

«Ցավալի է ցանկացած տեղ․ դա կլինի Ստեփանակերտում թե Մումբայում, եթե հայկական ժառանգության որևէ կոթող ոչնչացվում է։ Եկեք սթափ նայենք իրերին և նայենք, թե ինչ է մեզ պետք հիմա մեր հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելու տեսանկյունից, խաղաղության գործնթացը հարատև դարձնելու տեսանկյունից, որն այսօր հաստատված է», - հավելել է Թորոսյանը։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածնի Մայր տաճարի ավերումը ադրբեջանցիների կողմից պահանջում է զգույշ մոտեցում։ Նա կարծում է, որ «սա կդառնա միջազգային քննարկումների առարկա պետական ​​մակարդակով»։ 

Ադրբեջանցի վանդալները շարունակում են համակարգված կերպով ոչնչացնել եկեղեցիները, հայկական խաչքարերը և այլ պատմամշակութային հուշարձաններ Արցախում՝ հայկական ժառանգությունը վերացնելու նպատակով, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և լիակատար անգործությամբ։