Թրամփն իր դժգոհությունն է հայտնել պատերազմի ավարտի վերաբերյալ Իրանի առաջարկից
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի վերաբերյալ Իրանի առաջարկից, քանի որ այն չի առնչվում Թեհրանի միջուկային ծրագրին, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ իր հերթին հղում է արել ամերիկյան պաշտոնյային։
«Նրան դուր չի եկել այդ առաջարկը», - ասել է գործակալության զրուցակիցը։
CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի, հայտնել է, որ Թրամփը դժվար թե ընդունի Իրանի պլանը։ Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ նեղուցում նավագնացության վերականգնումը՝ առանց ուրանի հարստացման և Իրանի հումքի պաշարների հարցերի լուծման, կարող է ԱՄՆ-ին զրկել բանակցություններում ազդեցության առանցքային լծակից, փոխանցում է CNN-ը։
«Մյուս կողմից, Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների ժամանակաշրջանը, ինչն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում գազի գնի կտրուկ աճի»,- հավելել են նրանք։
«Թրամփի հետագա քայլերը մնում են անորոշ»,- գրում է հեռուստաալիքը։ Ամերիկյան պաշտոնյաները նախկինի պես մտահոգված են իրանական վարչակարգի ներսում առկա պառակտմամբ և վստահ չեն, թե կոնկրետ ով է կայացնելու վերջնական որոշումները հնարավոր գործարքի վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Թեհրանն առաջարկել էր դադարեցնել պատերազմը և հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա՝ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը հանելու և միջուկային հարցով բանակցությունները հետաձգելու պայմանով։
Axios-ի տվյալներով՝ իրանական իշխանությունների շրջանում միասնական մոտեցում չկա այն հարցում, թե միջուկային ոլորտում ինչպիսի զիջումների են նրանք պատրաստ գնալ։
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։
Ապրիլի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։
Այնուհետև Իրանի իշխանությունները վերականգնել են Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի խիստ վերահսկողությունը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը կփակվի, եթե ԱՄՆ-ը շարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։

