Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ ՀՀ-ի մանկապարտեզներից մեկում. խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.04.2026,
19:21
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում։
Պարզվել է, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր։
Մասնավորապես, սննդի կառույցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձանքով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:


