Ինչպիսի՞ մայիս է սպասվում Հայաստանում. Սուրենյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով մայիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։
Նա հայտնել է, որ տեղումների քանակը կլինի նորմայից ավել, այսինքն` սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։
«Մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, և տեղումները հիմնականում մայիսին դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը», - նշեց Սուրենյանը։
Նա տեղեկացրեց, որ ի տարբերություն ապրիլ ամսվա, մայիսին զգալիորեն կկրճատվեն հյուսիսից ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը։
«Օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5–6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։ Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է 30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում», - ասաց Սուրենյանը։

