ՌԴ-ում մինչև 180 օր երկարաձգել են Հայաստանից միջազգային փոխադրողների ժամանակավոր գտնվելու ժամկետը

29.04.2026, 17:24
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից
ՌԴ-ում մինչև 180 օր երկարաձգել են Հայաստանից միջազգային փոխադրողների ժամանակավոր գտնվելու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ կառավարությունը մեկ օրացուցային տարվա ընթացքում նախկին 90 օրվա փոխարեն մինչև 180 օր է դարձրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ԱՊՀ երկրների և Վրաստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը։

Համապատասխան որոշումը, որը թվագրված է ապրիլի 27-ով, ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Ավելացնել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի ստացման պահանջի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև հանրագումարային 180 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում, պայմանով, որ այդպիսի օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով դիմում ներկայացնեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակվելու) նպատակով», - ասված է որոշման տեքստում։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից։

Միգրացիոն սահմանափակումները Ռուսաստանում և հայ վարորդների դժգոհությունը

2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի շարք առանց վիզա երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների կեցության ժամկետների սահմանափակումը, եթե նրանք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով։

Կարգավորումը տարածվել է նաև բեռնատարների և ուղևորափոխադրողների վարորդների, օդաչուների, բորտուղեկցորդների, օդանավերի սպասարկող անձնակազմի, գնացքների մեքենավարների և այլ կատեգորիաների վրա։

Նրանք կարող են Ռուսաստանում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ոչ ավել, քան 90 օր։ Նախկինում գործում էր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու կանոնը։

Օրինախախտների համար նախատեսված են մուտքի արգելքի տեսքով պատժամիջոցներ.

3 տարով՝ կեցության ժամկետը 90-180 օրով գերազանցելու դեպքում,

5 տարով՝ 180-270 օրով գերազանցելու դեպքում,

10 տարով՝ ավելի քան 270 օրով գերազանցելու դեպքում։

Վարորդների բողոքի ակցիաները և ՀՀ Էկոնոմիկայի  նախարարի արձագանքը

Մի քանի ամիս անց այս սահմանափակումը առաջացրել է հայ վարորդների դժգոհությունը։ Նրանք բողոքի մի քանի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, ինչպես նաև փակել են հայ-վրացական «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» անցակետերի ճանապարհները։ Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին։

Բողոքի ձայն բարձրացնող վարորդները ՀՀ իշխանություններից պահանջում էին միջամտել և հասնել խնդրի լուծմանը, քանի որ սահմանված սահմանաչափը լրջորեն բարդացնում է միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների աշխատանքը։ Նրանց խոսքով՝ կեցության ժամկետն արագ սպառվում է, ինչից հետո վարորդները հայտնվում են իրավախախտների ռեեստրում և ենթարկվում պատժամիջոցների։

Ակցիաներից մեկի ժամանակ ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հայտարարել է, որ կառավարությունը տեղյակ է խնդրին և զբաղվում է դրանով ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ շրջանակում։