Հերթեր «Վարդանանց» բժշկական կենտրոնում. նախարարը մեկնաբանեց պատճառները

29.04.2026, 14:19
Ավանեսյանը մեկնաբանել է «Վարդանանց» բժշկական կենտրոնում երկար հերթերի և «Armed» համակարգի հետ համաժամանակեցման հնարավոր խնդիրների մասին հաղորդագրությունները
Հերթեր «Վարդանանց» բժշկական կենտրոնում. նախարարը մեկնաբանեց պատճառները

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է «Վարդանանց» բժշկական կենտրոնում երկար հերթերի և «Armed» համակարգի հետ համաժամանակեցման հնարավոր խնդիրների մասին հաղորդագրությունները։

«Վարդանանց բժշկական կենտրոնը հենց «Armed» համակարգով է իր ներքին ծրագրային որոշակի գործընթացներն անում։ Եթե խնդիրը մասնավորեցվի, կհասկանանք ինչն է խնդիրը», - ասաց Ավանեսյանն այսօր մամուլի ասուլիսում։ 

Առողջապահության նախարարը բացատրեց, որ պլանային բժշկական ծառայությունների համար հերթերը նորմալ պրակտիկա են։ 

«Մենք իրականացնում ենք մոնիթորինգ․ թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ 2 շաբաթի առավելագույն սանդղակ ունենք։ Այո, ունենք անհատ բժիշկներ, որոնց մոտ հերթը շատ ավելի երկար է, բայց այստեղ էլ պետք է հասկանանք, որ միշտ էլ լինելու են բարձր պահանջարկ ունեցող բժիշկներ, որոնց մոտ մարդիկ ավելի հակված են լինելու դիմել», - ասաց Ավանեսյանը։ 

Նրա խոսքով, եթե շտապ կամ անհապաղ օգնության կարիք չկա, հերթերը նորմալ գործընթաց են։ 

«Մենք միշտ դիտարկում ենք զարգացած երկրներում բժշկական օգնություն ստանալու հերթերրը։ Վստահեցնում եմ, որ Հայաստանն այս առումով լավագույն դիրքերում է», - ընդգծեց նախարարը։ 

Ավանեսյանը նաև հայտնեց, որ առողջապահական համակարգն ամեն օր մշակում է քաղաքացիների զգալի թվով հարցումներ։ 

«Մենք օրական մոտ 2000 զանգ ենք ստանում Ապահովագրական հիմնադրամում, իսկ 1500 զանգ՝ մեր թեժ գծում։ Ամեն օր զանգերի մոնիտորինգ ենք անում», - նշեց Ավանեսյանը։ 

Նախարարի խոսքով՝ կան որոշակի ԲԿ-ներ, որոնք այս հոսքին պետք է ադապտացվեն, և հերթերի կառավարման մասով աշխատանքները պետք է շարունակվեն։ 

Նրա խոսքով՝ կարևոր է, որ բժիշկները պահպանեն օպտիմալ կցագրված թվերը, հակառակ դեպքում կարող են առաջանալ հերթեր։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմել է «Վարդանանց» բժշկական կենտրոն՝ մեկնաբանություն ստանալու համար։