«Մածուն եմ դրել վըր դարուն». հայկական պարի չգրված օրենքը, երբ կենցաղը դառնում է պար, իսկ պարը՝ կյանք
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ազգային պարը ոչ թե պատմություն է կամ բեմական ներկայացում, այլև կենսակերպ և գոյության ձև, որի կորուստը սկսվում է հենց այն պահին, երբ շարժումը դառնում է պարզապես ձևականություն։
Ինչպե՞ս է կենցաղային պարզ գործողությունը վերածվում շարժման, ինչո՞ւ է տարազը ոչ թե դեկոր, այլ կենսական անհրաժեշտություն, և ինչո՞ւ է հայկական «Գյովնդը» համարվում համայնքային հավասարության ամենաճշգրիտ մոդելը:
Պարի միջազգային օրվա առթիվ հայկական պարարվեստի փիլիսոփայության և ավանդույթի պահպանման մասին «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է «Վարը Վարենկ» նախաձեռնության պարուսույց, «Ակօս» ավանդական պարի խմբի ղեկավար Գուրգեն Մելքոնյանը։
Ապրող ավանդույթ, ոչ թե պատմություն
Մելքոնյանը կարծում է, որ հայ ազգային պարն ուղղակիորեն գոյության ձև է. այն մշակույթի ամենաբնական կրողն է, ոչ թե պատմություն կամ բացատրություն, այլ ինքն իրեն ապրող ավանդույթ, որը կամ կրում ես, կամ՝ ոչ։
«Պարի մեջ մարդը չի պատմում, այլ դառնում է դրա կրողը ՝այդպիսով փոխանցելով դրա արժեքը՝ առանց ավելորդ բացատրության։
Եթե սա միայն գիտակցվում է, բայց չի ապրումակցվում՝ ապա խոսում ենք մշակույթի մասին, ոչ թե պարի», - նշում է պարուսույցը։

Բնության ռիթմը շարժման մեջ. կոշտ շարժումից մինչև հոսուն թռիչք
Ըստ Մելքոնյանի՝ շրջանային տարբերությունները արտաքին ձևից ավելի խորքային են, դրանք բխում են տեղի բնությունից, կենսակերպից ու մարդկանց հետ փոխհարաբերություններից, և հենց այդ բազմազանության մեջ է ժողովրդի իրական ուժը։
«Նույն շարժումը տարբեր տեղերում կարող է լրիվ այլ բնույթ ունենալ՝ ավելի կոշտ, ավելի հոսուն, կամ ավելի զուսպ։ Ամեն պար իր մեջ մի ամբողջ միջավայր է բերում», - ասում է Մելքոնյանը։
Հավաքական էներգիայի ուժը. լարվածությունից մինչև ազատություն
Հայ ազգային պարն անհատական զգացմունքի արտահայտություն չէ. այն ստեղծում է հավաքական վիճակ, որտեղ մարդն ինքն է զգում զորեղություն, համախմբվածություն, կարգապահություն, դիմադրողականություն, երբեմն նաև խաղի կամ ազատության շերտ։
«Պարի ուժը հենց նրանում է, որ այն չի բացատրում ոչինչ, այլ ստիպում է քեզ կանգնել նույն լարվածության, նույն կարգի ու նույն միասնականության մեջ՝ ուզես թե չուզես», - նշում է պարուսույցը։
«Գյովնդ». երբ «ես»-ը դառնում է «մենք»
Հայ ժողովրդի ինքնությունն ամենաճշգրիտ արտահայտող պարը, ըստ Մելքոնյանի, «Գյովնդն» է. նրա շրջանաձև կառուցվածքը ոչ թե կազմակերպչական ձև է, այլ համայնքային հավասարության ու ամբողջականության ապրած արտահայտությունը, որտեղ ոչ ոք կենտրոնում չէ, բոլորն էլ նույն կառուցվածքի կրողն են։
«Շարժումը ձևավորում է շրջան, որտեղ չկա կենտրոնական դիրք կամ առանձնացված դեր․ բոլորը նույն կառուցվածքի կրողներն են, և հենց այդ հավասարության մեջ է երևում համայնքի ամբողջականությունը՝ որպես մեկ մարմին, ոչ թե առանձին մասնիկների հավաք։
Եթե մարդը դուրս է այդ շրջանային մտածողությունից, նա պարզապես չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ», - նշում է պարուսույցը։

Նրա խոսքով՝ «Գյովնդը» կամ նման պարերը չեն «ցուցադրում» հավասարություն․ դրանք ապրում են դրանով։ Ու հենց դա է, որ կամ ընդունում ես որպես ներսի օրենք, կամ մնում ես դիտողի դերում՝ ընդմիշտ դրսում։
«Մածուն եմ դրել վըր դարուն». երբ կենցաղը սկսում է պարել
Մելքոնյանի խոսքով՝ սա այն պարերից է, որտեղ անունն արդեն ինքնին պատկեր է ստեղծում․ պարզ կենցաղային գործողությունից սկսվող մոտիվը վերածվում է շարժման կառուցվածքի։
«Մածուն եմ դրել վըր դարուն» պարն ընդգծված կանացի պար է՝ նազանքով, մեղմությամբ ու շարժման մեջ ներհյուսված շքեղությամբ, որտեղ արտահայտվում է ոչ միայն աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, այլ նրբորեն կառուցված գեղեցկություն։

«Եթե սա դիտվում է միայն որպես գեղեցիկ շարժում, ապա կորում է այն լռած կենցաղը, որից այն ծնվել է», - ընդգծում էՄելքոնյանը։
Նրա խոսքով՝ նման անուններով պարերը բավականին շատ են, և դրանց առանձնահատկությունը հենց այն է, որ առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ կամ նույնիսկ կենցաղային, բայց իրականում իրենց մեջ ամբողջ միջավայր են կրում։
«Կարին»-ի մոտեցման մեջ էլ հաճախ շեշտվում է, որ պարի անունը պատահական բան չէ․ այն գալիս է ինչ-որ գործողությունից (ինչպես օրինակ «Մածուն եմ դրել վըր դարուն»), տարածաշրջանից («Կարնո, Սղերդի, Ալաշկերտի քոչարի») կամ նույնիսկ հնչյունից, որը ժամանակի ընթացքում դարձել է շարժման հիմք», – նշում է պարուսույցը։

Նա հետաքրքիր է համարում այն փաստը, որ այդ անունները չեն փորձում «բացատրել» պարը․ դրանք ավելի շատ հուշում են մի տրամադրություն կամ պատկեր, իսկ բուն իմաստը բացվում է արդեն շարժման մեջ։
«Այսինքն՝ պարզ անվանումը դառնում է մուտք ավելի խորքային շերտի, որտեղ կենցաղը, մտածողությունն ու շարժումը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ», – պարզաբանում է Մելքոնյանը։
«Կենդանի զրահ». երբ տարազի ամեն գիծը շնչում է
Տարազը, ըստ Մելքոնյանի, ոչ թե բեմական հագուստ է, այլ պարի հետ նույն մշակութային լեզուն կրող երևույթ. ամեն շրջանի տարազն ունի կոնկրետ ծագում — կլիմայից, կյանքի պայմաններից — ու «ամեն գիծ, ամեն շերտ եղել է անհրաժեշտություն, ոչ թե դեկոր»։
«Լեռնային կամ ավելի խիստ պայմաններում ձևավորվել են փակ, հաստ, շերտավոր տարազներ, որոնք նաև պաշտպանիչ գործառույթ են ունեցել, իսկ ավելի մեղմ կլիմայով շրջաններում հանդիպում են թեթև, շարժուն, երբեմն ավելի բաց կառուցվածքներ։ Այսինքն՝ տարազը սկզբում լուծել է շատ կոնկրետ՝ կենսապայմաններից բխող խնդիրներ», - պարզաբանում է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ երբ տարազը կտրվում է իր կլիմայական ու գործառութային հիմքից, այն դառնում է միայն պատկեր, ոչ թե իրական կյանքի արտահայտություն։
Պարը չի մեռնում․ այն դատարկվում է
Ըստ Մելքոնյանի՝ ազգային պարի հանդեպ հետաքրքրությունն արթնացնելու ճանապարհը «ժամանակակից» ձևափոխությունը չէ, այլ ճիշտ միջավայրի ստեղծումը, որտեղ պարն «ապրում է» կենդանի փորձով, ոչ թե դիտվում հեռվից։
Ամենամեծ վտանգը ոչ թե մոռացումն է, այլ ձևի պահպանումն առանց կյանքի։

«Փոփոխությունը վտանգ չէ, վտանգը դատարկ ձևն է, երբ շարժումը դեռ կա, բայց կյանքը՝ ոչ», - ընդգծում է պարուսույցը։
Նրա խոսքով՝ ազգային պարն ընտրության հարց չէ, դա լինելու ձև է․ կամ դու դրա մեջ ես՝ ամբողջությամբ, կամ ընդամենը նայում ես կողքից։ Եթե այն կտրվում է իր արմատից ու դառնում ձևականություն, դա արդեն պար չէ, այլ անբովանդակ շարժում։

