Ինչպե՞ս են անցնելու բուժաշխատողների լիցենզավորման քննությունները. նախարարը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացին և ներկայացրել ներկաայիս փուլն ու առաջիկա անելիքները։
«Արդեն իսկ 900 -ից ավելի օրդինատորներ լիցենզավորման քննությունը հանձնել են և լիցենզիաների ստացման գործընթացում են։ Հիմա աշխատող մասնագետներն այս տարվա ընթացքում մինչև հունվարի 1-ը պետք է լիցենզավորվեն», - ասաց Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Նախարարը տեղեկացրեց, որ այժմ ընթանում է նախապատրաստական աշխատանքների փուլը, և առաջին էտապով քննական գործընթացը լինելու է բանավոր և գործնական հատվածով, ինչպես օրդինատորների լիցենզավորման դեպքում։
Նա հայտնեց, որ հավաստագրման գործընթացից հետո արդեն ձևավորված են հանձնաժողովները, որոնք էլ իրականացնելու են քննական աշխատանքները՝ ընդգծելով, որ ամեն մասնագիտական ուղղության համար քննական հանձնաժողովները լինելու են տարբեր։
Նա նաև նշեց, որ թեստերը կազմվում և հաստատվում են Առողջապահության նախարարության շրջանակներում և չեն համաձայնեցվում ԿԳՄՍ նախարարության հետ։

