Բալահովիտում երեք տղամարդ սպանություն են նախապատրաստել, սենյակ վարձել, հսկել թիրախին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ, դեռևս չպարզված շարժառիթով, ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։
Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։
Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

