Կրակոցներ են հնչել Երևանում. վիրավորը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։
Ինչպես տեղեկացնում է կայքը, մինչ կժամանեին ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ արձակողի ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

