Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում, իր քաղաքական ուղղությունն է ապահովում․ Ալեն Սիմոնյան

06.05.2026, 14:46
Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում, հայտարարել է Ալեն Սիմոնյանը
Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում, իր քաղաքական ուղղությունն է ապահովում․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ապահովում է իր քաղաքական ուղղությունը։

«Երբ Ռուսաստանը իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնում է ՀՀ շահերի վրա, թե չի կանգնում», - ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաժողովի ընթացքում եվրոպացիների հնչեցրած տեսակետներն ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում։ 

«ՀՀ-ն իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում: Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները», - ասաց Սիմոնյանը։ 

Նա ընդգծեց, որ կամ մենք «ծնկած» ապրում ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ մեկ այլ գերտերության «սապոգի» տակ՝ առանց ընտրություններ անցկացնելու, առանց ազատ մամուլ ունենալու, կամ՝ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմի կամ թշնամանքի, պաշտպանել մեր փոքր պետությունը։ 

Այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայումս վերափոխման փուլում են։ Ապրիլի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ունեն դարերի ընթացքում զարգացած հատուկ հարաբերություններ, և հույս հայտնեց, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները չեն վնասի հայ-ռուսական հարաբերություններին։ 

Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մասնակցեցին ԵՄ անդամ պետությունների, այլ եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 50 ղեկավարներ։ Գագաթնաժողովի գլխավոր թեման էր «Կառքւցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։