ՀԱՊԿ-ում Հայաստանի և նրա պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Բելառուսի հետ․ ԱԺ նախագահ

06.05.2026, 13:37
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է, հայտարարել է Ալեն Սիմոնյանը
ՀԱՊԿ-ում Հայաստանի և նրա պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Բելառուսի հետ․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԱՊԿ-ում Հայաստանի և նրա պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության։

Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, որին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ։ Բողոքը ներկայացվել է ԱԺ նախագահի՝ վերջերս արած այն հայտարարությունից հետո, թե «Հայաստանը թույլ չի տա ՀՀ-ն սարքել «գուբերնիա», և այն չի ղեկավարվի Բելառուսիայի պես»։

Սիմոնյանի խոսքով՝ մարդու իրավունքները կարևորագույն արժեքներ են Հայաստանի համար, և յուրաքանչյուր պետություն ընտրում է իր օրինակը։

«Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարության, նրանք մի քիչ այլ ճանապարհ են ընտրել։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ», - ասաց Սիմոնյանը։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը քայլեր չի ձեռնարկի ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ։