Տելեգրամով թմրանյութերի վաճառք․ նոր բացահայտում Երևանում

07.05.2026, 10:33
Մարիխուանա, զիպ փաթեթներ և կշեռքներ․ ինչ են հայտնաբերել ոստիկանները Երևանում
Տելեգրամով թմրանյութերի վաճառք․ նոր բացահայտում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Էրեբունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Պուշկինի փողոցում բնակվող 51-ամյա մի տղամարդ իրացնելու նպատակով բնակարանում պահում է թմրանյութ։

Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց, ու ապրիլի 27-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ։ 

Նույն օրը զննություն կատարվեց 51-ամյա տղամարդու բնակության վայրում․ հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, զիպ փականով բազմաթիվ տոպրակներ և վեց փաթեթ՝ լցված ընդհանուր ավելի քան ութ հարյուր գրամ դեղնականաչավուն զանգվածով։ 

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, այն ձեռք է բերել Տելեգրամյան հարթակի տարբեր օգտատերերից՝ իրացնելու նպատակով։ 

Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելուն վերաբերող մի տեղեկություն էլ Էրեբունու համայնքային ոստիկանները ստուգել ու հիմնավորել էին նախորդ օրը՝ ապրիլի 26-ին։ 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։ Այս դեպքում էլ հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։

Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։

Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։