Այս պահին մենք զբոսաշրջային «բում» ունենք․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին, նշեc, որ այս պահին երկրում զբոսաշրջային «բում» է, և այդ «բումը» շարունակվելու և աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները։
«2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ, 39 % աճ է ունեցել։ Հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, 34 % աճ է ունեցել», - ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին նշեց, որ զբոսաշրջիկներն ավելացել են ոչ միայն Ռուսաստանից, այլև Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Վրաստանից։
Արձագանքելով նախարարի զեկույցին՝ վարչապետը ուրախությամբ ընդգծեց Վրաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճը և վստահություն հայտնեց, որ տարվա արդյունքներով Ռուսաստանից այցելությունների ցուցանիշը կգերազանցի 2023 թվականի ռեկորդային տվյալները։
«Սա շատ լավ լուր է, և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, գործարարները, այդ թվում՝ մարզերում, շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ։ Ի վերջո, այս ամենը դրամական հոսքեր են, և մեր գործարարները պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ և արդար մասնաբաժինը ստանան», - հավելեց Փաշինյանը։

