Ձերբակալվել է Շենգավիթի աշխատակիցներին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձը. ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել էր, որ հարձակում է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա , նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ։
«Անձը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

